03/12/2020 13:40
Կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին
Գործադիրը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:
Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։
Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:
Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:
«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ միջնաժամկետ ծրագրային առումով կառաջանան հետևյալ ծախսերը.
- Աշխատավարձ, կոմունալ, գրասենյակային ծախսեր և այլն-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 5․163․483․900 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ)
- Շենքային պայմաններ-2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 2․563․000․000 ՀՀ դրամ
- Տեխնիկական հագեցվածություն- 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 285․500․000 ՀՀ դրամ
- Տրանսպորտային հագեցվածություն 2021-2023թթ.ին ընդհանուր ծախսը կկազմի 192․000․000 ՀՀ դրամ
Հարկ է նշել, որ վերոնշյալ ծախսերից 1 մլրդ ՀՀ դրամն արդեն նախատեսված է 2021 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում, իսկ մնացյալ ծախսերը նախատեսված են ՀՀ կառավարության 10․07․2020թ․ թիվ 1212-Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում՝ որպես 2021-2023թթ. ժամանակահատվածում ռազմավարություններից բխող նոր նախաձեռնություններ: