03/12/2020 14:20
Հելգա Շմիդը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Գերմանացի Հելգա Շմիդը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
Նա հայտարարել է, որ կազմակերպությանը պետք է կիրթ ղեկավարություն, քանի որ կարևոր է ամրապնդել վստահությունը ԵԱՀԿ-ի նկատմամբ, որպեսզի այն որակապես նոր մակարդակի հասնի, իսկապես հավատարիմ մնա այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է, և «չդառնա մեկ այլ հարթակ, որտեղ անընդմեջ հակամարտություն է ընթանում»:
«Ուրախ եմ, որ ամեն ինչ պատրաստ է նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեչաչին, ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն, Կայրաթ Աբդրահմանովը՝ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարը», - ասել է Ռաման ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի բացմանը:
Նա բացարձակ վստահություն է հայտնել նրանց պրոֆեսիոնալիզմի և ունակությունների նկատմամբ և կոչ արել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին աջակցել առաջիկա երեք տարիների ընթացքում իրենց մանդատները կատարելու հարցում:
ԵԱՀԿ նախարարների 27-րդ խորհուրդը տեղի է ունենում դեկտեմբերի 3-4-ը`վիրտուալ ռեժիմով: