04/12/2020 17:49
Պատերազմի բժիշկները. Սաշա Ռուստամյան. Գնաց վիրավորներին օգնելու, բայց ճանապարհին հանդիպեց ադրբեջանցի դիվերսանտներին (Տեսանյութ)
Արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից իր պարտքն էր կատարում ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը։
Շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով՝ հայտնվել է թշնամու դիվերսիոն խմբի կրակահերթի տակ ու զոհվել մասնագիտական պարտքը կատարելիս։
Դասընկերուհին՝ Լուսինեն, պատմում է՝ երեք տարի են միասին սովորել, բայց շատ էին կապված իրար հետ։
Նշում է՝ Սաշան խելացի էր, բարի, հումորով։ Հիշում է, որ կյանքում մի անգամ է զայրացել՝ «Վերջին զանգին», մեկ անգամ էլ կռվի է մասնակցել, այն էլ՝ հանուն ընկերոջ։
«Տղաների հագուստի հետ էր կապված, թե ինչ պետք է հագնեն, Սաշը չդիմացավ՝ «կհագնեմ էն, ինչ ունեմ, ուզում եք՝ կգամ, չեք ուզում՝ չեմ գա»», - պատմում է դասընկերուհին։
Դասընկերոջ մահվան մասին իմացել է համադասարանցու գրառումից։ Աչքերին չի հավատացել։
«Ես երբեք չէի պատկերացնի, որ ինքը չի լինի»։
Եղբայրը՝ Գուրգենն ասում է, որ Սաշան արձակուրդ էր եկել, սակայն սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շտապել է «Կիլիկիա» ավտոկայան՝ հասնելու Քարվաճառ։
Տաքսու վարորդները հրաժարվել են տեղ հասցնել, միայն մեկն է համաձայնել, այն էլ՝ մինչև Մարտունի. այնտեղից բժիշկ-զինվորականին դիմավորել են մարտական ընկերները։
«Սեպտեմեբրի 28-ին՝ ցերեկը ժամը 1-ի կողմերը, ինքը պետք է գնար դիրքեր, վիրավորներին իջեցնելու, գնացել է ու ճանապարհին ենթարկվել դիվերսանտների հարձակմանը», - պատմում է եղբայրը։
Բժիշկ Ռուստամյանը զոհվել է. վարորդն ու զինվորը ողջ են մնացել։
Ռուստամյաննների ընտանիքը Քարվաճառը հանձնելու մասին լուրը լսելուց վերապրել է Սաշայի մահը։
«Ես խոսել եմ եղբորս զինակից ընկերների հետ, ասում էի՝ թշնամին ոչ մի սանտիմետր առաջ չի եկել Քարվաճառի ուղղությամբ, որ մի քանի հազար զոհ է տվել թշնամին Քարվաճառում ու այդքանից հետո զիջել Քարվաճառը... Շատ ցավալի է»։