12/12/2020 11:04
Ինչո՞ւ «Իսկանդերը» կիրառվեց Շուշիում, ինչո՞ւ ՀՀ-ն չդիմեց ՀԱՊԿ-ին, ո՞ւմ հրամանով է հանձնվել Շուշին, կոնկրետ ո՞ր օրը. Միքայել Մինասյանը հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Ռեքվիեմ2» տեսանյութում ներկայացրել է մեկ տասնյակ հարցեր՝ նշելով, թե ինքն այդ հարցերի պատասխանը գիտի, բայց հուշում է մարդկանց, որ դրանք ուղղեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին
«Ուզում եմ մի քանի հարց տալ, և ես այդ հարցերի պատասխանները գիտեմ, բայց հուշում եմ մարդկանց (կարևոր չի, թե բարիկադի որ կողմում եք, նիկոլապաշտ եք, թե՝ հայրենասեր), որ այդ հարցերն ուղղեն իշխանություններին՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին։
1. Ինչո՞ւ ՀՀ-ն չի վկայակոչել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված երեք պայմանագրերը, որոնցով երբ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է անել՝ մեկ, երկու, երեք։ Ինչո՞ւ։
2. Երբ ռմբակոծվում էր Հայաստանի Հանրապետությունը, ինչո՞ւ ՀՀ-ն կոնկրետ չդիմեց ՀԱՊԿ-ին։
3.Կոնկրետ ո՞ր օր է ընկել Շուշին և ում հրամանով է հանձնվել Շուշին։
4. Ինչո՞ւ «Իսկանդերը» նոյմբերի 7-ին կիրառվեց Շուշիում։ Դուք ռմբակոծել եք Շուշին, ինչո՞ւ և ո՞ւմ հրամանով։
5. Ինչո՞ւ ոչ մի անգամ չեն կիրառվել մեր բալիստիկ հրթիռները՝ «Իսկանդերը», «Տոչկա Ու»-ն և այլն, որպեսզի վնասեն ադրբեջանական նավթամուղային ենթակառուցվածքը։
6. Ինչո՞ւ երբեք չի ռմբակոծվել որևէ օդանավակայան, որովհետև Ադրբեջանում բոլոր օդանավակայանները հասանելի են Իսկանդերի համար։
7. Ինչո՞ւ չճանաչվեց Արցախի Հանրապետության անկախությունը պատերազմի ողջ ընթացքում։
8. Ո՞վ է հրաման տվել չուղարկել Արցախի Հանրապետություն կոնկրետ զինատեսակներ, որոնք ստացվել էին Ռուսաստանի Դաշնությունից, որպեսզի փակեն օդը։
9. Ո՞վ է հրաման տվել 5-րդ կորպուսին և ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ազգային հերոսի կոչումով օժտել մի անձնավորության, որը տարել և հարյուրավոր զոհեր է տվել։ Ի՞նչ կոնկրետ խնդիր էին լուծում տղաներն այնտեղ;
Հարցերն աներևակայելի շատ են, բայց ուզում եմ եզրափակել ամենակարևոր հարցով, լավ, դուք գիշերը ո՞նց եք քնում, ինչո՞ւ տղաների մահը նույնիսկ սարքեցիք թատրոն, ինչու եք թաքցնում տղաների մահը։ Ինչո՞ւ չեք հանձնում տղաների մարմինները ծնողներին, ինչու չեք հայտնում նրանց անունները, ինչու չարեցիք ամեն ինչ, որպեսզի դիերը կաարողանան վերցնել։ Ինչու չեք զբաղվում գերիներով, ինչու այդքան թքած ունեք հայ ժողովրդի վրա», - եզրափակել է Միքայել Մինասյանը։