14/12/2020 15:35
Պատերազմի բժիշկները. Տիգրան Ավագյան. Փրկեց տասնյակ զինվորների կյանք, իր կյանքը փրկել չհաջողվեց (Տեսանյութ)
Արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրից իր պարտքն էր կատարում ռազմական բժիշկ Տիգրան Ավագյանը։
Ծառայությունն իրականացնում էր Ջաբրայիլում։ Մեկ ամիս է, ինչ Ջաբրայիլ էր տեղափոխվել, երբ սկսվել է պատրեազմը։
Պատերազմի սկզբից հարավային սահմանից շարունակ տեղափոխել է վիրավոր զինվորներին՝ փրկելով բազմաթիվ կյանքեր։
Հոկտեմբերի 28-ին Տիգրան Ավագյանը բուժանձնակազմի հետ մարտադաշտից ութ զինվորի է տեղափոխել, շտապելով փրկել մյուսիներին՝ հայտնվել է թշնամու կրակի տակ՝ անավարտ թողնելով բժշկի առաքելությունը։
Մայրը պատմում է՝ շատ էր նեղվել, երբ իմացել էր, որ որդին պետք է Ջաբրայիլում ծառայեր, սակայն Տիգրանը հույս է տվել՝ «մամ, երկու տարի է, կծառայեմ, կգամ»։
Մայրը վերջին անգամ հոկտեմբերի 27-ին է խոսել որդու հետ, ասել է՝ «մամա, հեռախոսի զարյադկան վերջանում է, եթե հանկարծ զանգես անհասանելի լինեմ, ես կզանգեմ»։
«Ես էլ ուզում էի երկար խոսեի, որ իր ձենը շատ լսեի... Ու սպասում էի, որ պիտի զանգի»։
Ամենաշատը եղբոր հետ է կիսվել բժիշկ-զինվորը, ամեն հարց իրար հետ են քննարկել։
«Շատ լավ ախպեր էր», - պատմում է եղբայրը՝ Արտյոմը։
Տիգրանը եղբորն ասել է, որ արձակուրդ է գալու. «Սպասում էինք, որ գար։ Ամեն ինչ կիսատ մնաց, թողեց ու գնաց»։
Ընկերը՝ Սամվելն է Ավագյաններին հայտնել որդու մահվան լուրը։
«Շատ դժվար էր էդ լուրը հայտնելը, երբ որ տան մոտ կանգնած նայում էինք, թե ոնց է Տիգրանի մայրը ուրախ թոռների հետ ման գալիս, եղբայրը մեքենայի վրա գործ էր անում... Անասելի տանջանք էր մոտենալ ու էդ լուրը հայտնել», - պատմում է ընկերը։