Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից. առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը. Արցախի նախագահ

16/12/2020 14:15

Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից. առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը. Արցախի նախագահ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով, որում անդրադարձել է նոր ռազմագերիների թեմային՝ այնքանով, որքանով տեղեկություններ կան այս պահին:
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Ադրբեջանա-թուրքական դաշինքի կողմից պարտադրված ծանրագույն պատերազմի հետևանքով կորցնելով մեր սուրբ հայրենիքի զգալի մասը և հազարավոր պայծառ կյանքեր՝ այնուամենայնիվ, մեր ժողովրդի հավաքական ուժի և կամքի շնորհիվ, մեր նվիրյալ զավակների արյան գնով մեզ հաջողվել է պահպանել Արցախ աշխարհի՝ Մեծ Հայքի պատմական 10-րդ նահանգի մի մասը, որտեղ շարունակելու է ապրել, արարել ու պայքարել արցախահայությունը՝ հանուն իր իրավունքների ու ազատությունների, հանուն ազգային արժանապատվության ու հարատևման:
 
Նախևառաջ, կուզեի իմ խորին ցավակցությունները հայտնել բոլոր զոհվածների հարազատներին և ողջ հայ ժողովրդին՝ անդառնալի ու ծանր կորուստների համար: Մենք ցմահ երախտապարտ ու պարտական ենք Հայրենիքի համար ընկած յուրաքանչյուր հերոսի և նրանց հարազատներին, մենք երախտապարտ ենք նաև Հայրենիքի պաշտպանության գործին այս կամ այն ձևով սրտանց մասնակցած յուրաքանչյուր անձի՝ զինվորից մինչև սփյուռքահայ մանուկ, առաջնագծից մինչև խորը թիկունք: Ինչպես արդեն հայտարարվել է, Արցախի և Հայաստանի Հանրապետություններում դեկտեմբերի 19-ից հայտարարվելու է եռօրյա սուգ՝ ոգեկոչելու համար պատերազմի ընթացքում զոհված մեր հայրենակիցների հիշատակը:
 
Պետք է արձանագրել, որ չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ, դեռ ավելին՝ մեզ պարտավորեցնում են առավել վճռականորեն շարունակել իրենց պատմական, արժեքային ու իրավաքաղաքական հիմքի՝ Արցախյան շարժման պայքարն ու ոգին: Հարկ է արձանագրել նաև, որ միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է զուտ հռչակագրային ցանկություն, որի ապահովման ուղղությամբ միջազգային հանրությունը հիմնականում չի կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ աչք փակելով հայության հանդեպ կատարված մարդկության դեմ հանցագործության աղաղակող փաստերի առջև:
 
Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ և քրտնաջան, հետևողական, խելացի ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին: Թե ինչ ունենք և ինչ պետք է անենք, հակիրճ կներկայացնեմ ըստ ոլորտների:
 
Անվտանգություն. Անշուշտ, մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել: Այդ համատեքստում լիովին հասկանալի է, որ նաև հետպատերազմյան ժամանակաշրջանում քաղաքացիներին ու իշխանություններին ամենաշատ հուզող հարցերը վերաբերում են անվտանգությանն ու առնչվող անորոշություններին: Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:
 
Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով:
 
Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի ցցուն օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին Շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:
 
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում:
 
Արտաքին քաղաքականություն. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝
 
• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:
 
• Երկրորդ ուղղությունն Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:
 
Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, և՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:
 
• Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:
 
• Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ: Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտրելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգնահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բացառապես միջազգային աջակցության մասին է:
 
• Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգտենք միջազգային մեկուսացումը վերացնել նաև տնտեսական առումով:
Հումանիտար և սոցիալական ոլորտ. Արցախը վիրավոր է ոչ միայն մարդկային ու տարածքային կորուստների, այլ նաև ծագած բազմաթիվ և սուր մարդասիրական հիմնախնդիրների պատճառով՝ անհետ կորածներից ու գերիներից մինչև կացարաններ ու ավերված շինություններ, սոցիալական ապահովությունից մինչև հոգեբանական տրավմաներ: Ուստի, ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա մարտահրավերների ու կարիքների՝ այժմ ձևավորվել են հսկայական ծավալի նոր կարիքներ, ինչը ենթադրում է պետական իշխանության ավելի արդյունավետ ու պատասխանատու աշխատանքի անհրաժեշտություն: Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ տեսանկյունից նախատեսում ենք մեկնարկել մի շարք ծրագրեր, մասնավորապես՝

• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները.

• Կարճ ժամկետում կարգավորել անօթևան քաղաքացիների ժամանակավոր կացարանների խնդիրը՝ թե՛ տարբեր շինություններում կենտրոնացված տեղավորման, թե՛ բնակվարձի պատշաճ փոխհատուցման, թե՛ արագ բնակարանաշինության և հնարավոր այլ ծրագրերի միջոցով.
 
• Երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով.
 
• Առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները.
 
• Զգալի աջակցություն ցուցաբերել ֆիզիկական ու իրավաբանական անձանց վարկերի սպասարկման մասով.
 
• Էականորեն մեծացնել շինանյութերի հատկացման ծրագիրը՝ գյուղերի բնակֆոնդի պայմանների բարելավման նպատակով.
 
• Մեկնարկել է նաև անօթևան քաղաքացիների բնակվարձի փոխհատուցման ծրագիրը.
 
• Հայաստանի Հանրապետության հետ համատեղ մեկնարկել և շարունակվում է ոչ զինապարտ արցախցիներին ցուցաբերվող միանվագ ֆինանսական աջակցության ծրագիրը.
 
• ՀՀ հետ համատեղ արդեն գործում է նաև անօթևան մնացած քաղաքացիներին 300,000 կամ 250,000 ՀՀ դրամ աջակցության ցուցաբերման ծրագիրը՝ կախված բնակության վայրից.
 
• Առնվազն վեց ամիս շարունակ գործազուրկ քաղաքացիներին հատկացնել ամսական 68,000 ՀՀ դրամ սոցիալական աջակցություն.
 
• Առնվազն մեկ տարի շարունակ սուբսիդավորել գազի, էլեկտրաէներգիայի, կապի ֆիքսված ծավալների սպառումը և այլ կոմունալ ծախսերը՝ ճկուն հարաբերակցությամբ՝ ըստ սպառողների նախընտրության ու կարիքների, իսկ հայտարարված սահմանաչափերը կբարձրացվեն.
 
• Հայտարարել հարկային համաներում և սահմանել հարկային լայն արտոնություններ.
 
• Գույքագրել պատերազմի հետևանքով արձանագրված նյութական վնասները՝ հետագայում քննարկելու համար փոխհատուցումներ տրամադրելու հնարավորությունները.
 
• Երեք տարում ասֆալտապատել բոլոր գյուղեր տանող ճանապարհները:
 
Իհարկե, նշվածները պետական ծրագրերի միայն մի մասն են, և առկա ճգնաժամից դուրս գալուն միտված կարճաժամկետ ծրագրերից հետո մշակելու և իրագործելու ենք ավելի երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այս և այլ ծրագրերի կյանքի կոչումը հնարավոր է լինելու ոչ միայն Արցախի Հանրապետության միջոցներով, այլ նաև Հայաստանի Հանրապետության, համայն հայության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցության շնորհիվ: Հուսամ՝ միջազգային տարբեր կազմակերպություններ ու այլ օտարերկրյա կառավարություններ ևս կհետևեն Հայաստանի ու Ռուսաստանի օրինակներին և Արցախին կցուցաբերեն շարունակական և ուղղակի մարդասիրական աջակցություն:
 
Ներքին քաղաքականություն. Ծանր կորուստներով պատերազմն ինքնին պետական ու քաղաքական համակարգերի համար ճգնաժամի մեծ աղբյուր է: Մյուս կողմից, պատերազմական ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ցանկացած պետության անհրաժեշտ է ներքին կայունություն ու միասնական աշխատանք, այլապես ճգնաժամերը կարող են երկար տևել ու խորանալ:

Ինձ համար, բնականաբար, ընկալելի են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար և հաշվետու՝ ժողովրդի առջև: Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյոք ունեցե՞լ եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյոք ինձնից կախված առավելագույնը չե՞մ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից:
 
Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով...
 
Այնուամենայնիվ, անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին:
 
• Նախ՝ արդյոք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար.
 
• Երկրորդ՝ արդյոք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար.
 
• Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը.
 
• Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ:
 
Այժմ գալով իմ որոշումներին ու ապագա անելիքներին, կուզեի շեշտադրել հետևյալ կետերը՝
 
• Սկսել եմ քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և
հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղենք մեր ջանքերը այս ճգնաժամը հաղթահարելու հարցում: Արդեն մի շարք ուժերի հետ ունենք կոնկրետ պայմանավորվածություններ ու ջանքերի մեկտեղում, այլոց հետ շարունակում ենք քննարկումները, և տեսնում եմ հնարավորությունը բոլորի հետ փոխգործակցելու: Հարկ է ընդգծել, որ համագործակցությունը պետք է լինի լայն ընկալմամբ, այլ ոչ թե սահմանափակվի քաղաքական պատասխանատվության ստանձնմամբ տարբեր պաշտոններում կոնկրետ անձանց նշանակման տեսքով: Այսինքն, յուրաքանչյուր կարողունակ ու սրտացավ ուժ ու անձ պետք է հնարավորություն ստանա իր ներուժը ծառայեցնելու մեր նույնական նպատակի կյանքի կոչմանը, իսկ այդ ճանապարհին ես միշտ բաց եմ լինելու բոլոր ուժերի ու անձանց հետ համագործակցելու հարցում.
 
• Թեև Սահմանադրությունը Հանրապետության նախագահին օժտում է լայն լիազորություններով, սակայն նշված համագործակցության ու միասնականության տրամաբանությունից ելնելով՝ պատրաստակամ եմ Հայրենիքի ու ժողովրդի համար կենսական նշանակության որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համախորհուրդ: Ընդհանրապես, հանրային քննարկումների անցկացումը պետք է դառնա մեր քաղաքական մշակույթի ու կառավարման համակարգի օրգանական մասը.
 
• Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ.
 
• Միևնույն ժամանակ գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները.
 
• Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ.
 
• Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում: Ընդգծեմ, որ նոր կադրերի ընտրության հարցում հնարավորինս առաջնորդվելու եմ նրանց մարդկային ու մասնագիտական արժանիքներով և հանրային հեղինակությամբ.
 
• Արցախի Հանրապետության պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ Նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ, մնացած մարմինների կողմից ընդունվող վերաբերելի իրավական ակտերի մասով եզրակացություններ տալու համար կմշակվեն համապատասխան մեխանիզմներ.
 
• Անվտանգության խորհրդի կազմը կընդլայնվի, որում ընդգրկված կլինեն ոչ միայն կոնկրետ լիազոր պաշտոնատար անձինք, այլ նաև հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ:
 
Պետական կառավարում. Այժմ պետական կառավարման համակարգն, ընդհանուր առմամբ, ճգնաժամի մեջ է, որը բացասականորեն է անդրադառնում պատերազմի հետևանքների հաղթահարման աշխատանքների արդյունավետության վրա:

Ուստի, նախատեսում եմ մի քանի օրվա մեջ կատարել բոլոր հիմնական կառուցվածքային ու կադրային փոփոխությունները և արագացնել ու բազմապատկել հրատապ հիմնախնդիրների լուծման ջանքերը: Ժողովրդի հրատապ կարիքների գոնե նվազագույն բավարարումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք կառավարման բարեփոխումների, որոնց մի մասը նախատեսել էինք նախապատերազմյան ժամանակահատվածում, իսկ մնացածի կարիքը դրսևորվել է պատերազմական ու հետպատերազմյան պայմաններում: Այդ երկարատև բարեփոխումների արդյունքում կբարելավվեն հանրային ծառայողների մասնագիտական կարողությունները, կբարձրանա վարչարարության, քաղաքացիների սպասարկման, հանրային միջոցների ծախսման, պետական ծրագրերի իրականացման և մի շարք այլ գործընթացների ու ինստիտուտների արդյունավետությունը:
 
Պետական կառավարման բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից պահանջում եմ կատարել չափազանց պատասխանատու ու սրտացավ աշխատանք հետպատերազմյան ծանր մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Մեզնից ոչ ոք բարոյական իրավունք չունի գլուխը հանգիստ բարձին դնելու, եթե գիտի, որ իրենից է կախված զոհվածի կամ անհետ կորածի հարազատի, վիրավորի, անօթևանի կամ մեկ այլ խոցելի անձի այս կամ այն հարցի լուծումը: Մեզնից ոչ ոք իրավունք չունի իրեն թույլ տալ շռայլություններ, երբ շատ անձինք զրկված են կյանքի նվազագույն պայմաններից, երբ զոհվածների ու անհետ կորածների զավակները կարիք ունեն պարզ ուշադրության: Յուրաքանչյուր հանրային ծառայող պետք է գիտակցի, որ այժմ Արցախի բոլոր բնակիչները այսպես թե այնպես խոցելի են, և բոլորս պարտավոր ենք ծառայել նրանց, պարտավոր ենք ինքներս սրտացավության ու ծառայության օրինակ լինել մնացածի համար: Ես ակնկալում եմ, որ մեր հասարակությունում երկար ժամանակ կտիրի փոխօգնության ու համերաշխության աննախադեպ մթնոլորտ, ինչի շնորհիվ մեզ կհաջողվի արագորեն հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը:
 
Ի դեպ, նշվածի համատեքստում կուզեի անդրադառնալ նաև առաջնագծում ու թիկունքում սեփական պարտականությունների կատարումից խուսափած անձանց վերաբերյալ հանրային տրամադրություններին: Այո՛, հանրության մեջ առկա է իրավացի պարսավանք ու պահանջկոտություն նրանց հանդեպ, և՛ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, և՛ հանրային ծառայության ցածր օղակի, և՛ մասնավոր հատվածի տարբեր աշխատակիցներ այդ հիմքով հեռացվել են աշխատանքից: Պատերազմի ընթացքում ես հրապարակել եմ աշխատանքից ազատված որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ցանկը: Ավելին, առաջնագծի ու թիկունքի դասալիքները չպետք է հետագայում նույնպես որևէ հնարավորություն ստանան բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու, քանի որ ժողովրդի համար ամենավճռական պահին իրենց պարտականությունների կատարումից խուսափած անձինք պարզապես չեն կարող բարեխղճորեն ծառայել նույն ժողովրդին: Իսկ ինչ վերաբերում է ցածր օղակի աշխատակիցներին, ապա հաշվի առնելով դեպքերի բազմազանությունը, ծագած որոշ իրավական հիմնախնդիրներն ու առկա ծավալները՝ այդ հարցը պետք է առանձին ուսումնասիրության առարկա դառնա, որպեսզի արդար որոշումներ կայացվեն: Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ խրախուսանքի միջոցներ կիրառելիս գործատուները պետք է անպայման հաշվի առնեն տվյալ աշխատակցի վարքը պատերազմի ընթացքում՝ բացառելով անարդար որոշումները բարեխիղճ աշխատակիցների նկատմամբ:
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Հիմնախնդիրներն ու մարտահրավերները չափազանց շատ են այս ժամանակահատվածում՝ երբեմն անկառավարելի ու անորոշ մեզ համար: Սակայն մեր նախորդ ու գալիք սերունդների առաջ պարտավոր ենք ամուր կանգնել Հայրենիքի փրկության ու զարգացման դիրքերում: Մենք ազգովի վճռական ենք պատվով դուրս գալու այս ծանր իրավիճակից, ուղղելու մեր մեջքը և առաջ շարժվելու մեր պատմական երթում: Մենք պարզապես իրավունք չունենք ձախողվելու այս փուլում, ինչը կարող է նշանակել բոլոր փուլերի ձախողում: Սա մեր արդար պայքարն է՝ մեր նախնիների պայքարի բնական շարունակությունը, և մենք միանշանակ հաջողելու ենք:
Ամրություն, անվտանգություն ու հարատևում Հայոց Սուրբ Հայրենիքին», - նշված է Արցախի նախագահի ուղերձում։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:21 Մեկ նպատակ ունենք՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին․ Բագրատ Սրբազան Այսօր, 21:56 Նիկոլի բերած խավարի դեմ պայքարի միջոցը լույսն է, որն այս օրերին բերում է հենց Եկեղեցու սպասավորը․ Սամվել Նիկոյան Այսօր, 21:45 ՔՊ-ականներ, ձեր մեջ հայ կա՞․ Քաղաքացին իշխանական կուսակցությանը խոսք ուղղեց Այսօր, 21:28 Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է․ Ալլա Լևոնյան Այսօր, 21:08 Վրաստանի հայկական համայնքը ողջունում է Վիրահայոց թեմի հայտարարությունը և միանում համազգային շարժմանը Այսօր, 20:54 Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Այսօր, 20:38 Աստված է մեր Տերը․ Ամեն մարդ պատասխան կտա իր արածի ու չարածի համար․ Արշակ Սրբազան Այսօր, 20:33 Մոլդովայի ընդդիմությունը հայտարարել է, որ երկրի ապագան տեսնում է ԵԱՏՄ-ում Այսօր, 20:22 Հայաստանը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունը ԵԱՏՄ բոլոր երկրների հետ․ Փաշինյան Այսօր, 20:12 ԵԱՏՄ-ի էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը չի կարող անվերջ շարունակվել․ Փաշինյան Այսօր, 20:00 Արցախցիները միացան համազգային շարժմանը Այսօր, 19:43 Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Այսօր, 19:40 LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Այսօր, 19:28 Վահագն Խաչատուրյանը Սիլիկոնյան հովտում էր Այսօր, 19:19 Հովհաննես Ազոյանը զայրացել է Այսօր, 19:07 ԱՄՆ դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ է հանդիպել Այսօր, 18:56 Ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ․ Բագրատ Սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի Այսօր, 18:47 Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 18:38 Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ Այսօր, 18:29 Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և Բագրատ Սրբազանին Այսօր, 18:15 Հայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Այսօր, 17:53 Բագրատ Սրբազանը գնահատանքի խոսք հղեց Սփյուռքին ու հորդորեց միասնական լինել (Տեսանյութ) Այսօր, 17:37 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար Այսօր, 17:20 «Չե՛նք խոնարհվելու․ Վերագտնելու ենք մեզ և քայլենք հպարտ»․ Գուրգեն Մելիքյանը միացավ Շարժման քայլերթին (Տեսանյութ) Այսօր, 17:05 Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 16:51 Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով․ Մայր Աթոռ Այսօր, 16:38 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 780 անձ օգտվում է մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրից Այսօր, 16:32 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» Այսօր, 16:24 Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես կգա Երևանում Այսօր, 16:10 Արենիում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի Այսօր, 16:06 Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավորներ Այսօր, 16:00 Հրդեհ՝ Աբովյան փողոցում Այսօր, 15:52 ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին Այսօր, 15:39 Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով Այսօր, 15:30 Ռուսաստանի և Վրաստանի սահմանին 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել Այսօր, 15:16 Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները Այսօր, 15:08 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 15:03 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան Այսօր, 14:58 ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար. Փաստաբան Այսօր, 14:48 Հրաձգության ֆեդերացիայի ներկայացուցիչները ծանոթացել են առաջնության անցկացման առաջարկվող պայմաններին Այսօր, 14:40 Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա Այսօր, 14:36 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 14:27 ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուսանողներ հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:24 ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետհամալսարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ներքին գործերի նախարարություն Այսօր, 14:20 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին Այսօր, 14:17 Լեռնային մարզերում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ Այսօր, 14:15 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Այսօր, 14:13 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը Այսօր, 14:09 LIVE. ԵՊՀ ուսանողները սատարում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 14:05 Մայիսի 9-ից շատ մեծ սպասումներ կան․ Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները Այսօր, 14:02 Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կոչ արեցին վաղը Երևանի մուտքի մոտ հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը (Տեսանյութ) Այսօր, 13:56 LIVE. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ երթ՝ դեպի Աբովյան Այսօր, 13:48 Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 13:40 Դանակով հարվածել է համադասարանցուն, ապա հափշտակել ոսկյա թևնոցը․ ՔԿ Այսօր, 13:34 Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ղեկավարին Այսօր, 13:31 Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասելի և անհրաժեշտ է. Պեսկով Այսօր, 13:23 Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր Այսօր, 13:15 «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով Այսօր, 13:04 Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 12:56 Հնարավո՞ր է արդյոք լինել Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և աջակցել եկեղեցին քանդող դավաճանական խմբակին. Ջուլֆալակյան Այսօր, 12:51 «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Այսօր, 12:48 Համահայկական ճակատ շարժումն ու կուսակցությունը լիովին աջակցում են Հայ առաքելական եկեղեցու ջանքերին. Արշակ Կարապետյան Այսօր, 12:44 Իրականում ինչ եմ ես տեսել պատերազմի դաշտում... դրա մասին ես իրենց ասել եմ, եթե տղամարդ են՝ կասեն, որ ասել եմ․ Բագրատ Սրբազան Այսօր, 12:39 56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը Այսօր, 12:30 Փոփոխություններ՝ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում Այսօր, 12:19 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն ավտոերթով շարժվեցին Հոռոմի կամուրջ․ նրանց կիմանան արթիկցիները Այսօր, 12:14 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան Այսօր, 12:00 Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրել ենք հաղթանակ կերտած հերոսի ղեկավարած հայրենիքում, նրա կողմից անվտանգ պահվող հայրենիքում. Դանիելյան Այսօր, 11:53 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ Այսօր, 11:51 Սա Սրբազանի շարժումը չէ, սա սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի․ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կոչ են անում ոտքի ելնել Այսօր, 11:47 Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Այսօր, 11:44 Սա ձյուն չէ, այլ՝ կարկուտ, Սուրենյանն Օհանավանից լուսանկար է հրապարակել Այսօր, 11:38 «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 11:34 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում հանդիպման է կանչում Այսօր, 11:28 Քասախում գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:26 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Հովհաննիսյան Այսօր, 11:22 Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ Այսօր, 11:21 Ժամը 18:00-ին տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Այսօր, 11:13 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն Այսօր, 11:12 LIVE. Կառավարության նիստ Այսօր, 11:05 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան Այսօր, 10:59 «Մենք պետական կառավարման ղեկին լինելու ձգտում և ամբիցիա չունենք, բայց չենք էլ կարող լինել անտարբեր»․ Շիրակի թեմի առաջնորդությամբ՝ Գյումրիից երթ մեկնարկեց դեպի Երևան Այսօր, 10:50 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա Այսօր, 10:42 Ադրբեջանը չի անցել «Եվրատեսիլ-2024»-ի հաջորդ փուլ Այսօր, 10:35 Ռոստովում կայացած Մուայթայի միջազգային խոշոր մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 15 մեդալ Այսօր, 10:31 «Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ». Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր, 10:28 Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ եկեղեցին ու հոգևորականությունը պիտի անջատ լինեն նաև հասարակությունից․ Մելիքյան Այսօր, 10:21 «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Այսօր, 10:18 Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Այսօր, 10:09 ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մեջ Նիկոլ Փաշինյանը ներառել է նաև Հայ ավետարանական ու Հայ կաթողիկե եկեղեցին Այսօր, 09:56 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխանությունը հերթական սուտն է տարածում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործը ավարտական փուլում է Այսօր, 09:45 «Հրապարակ». Արցախցիներին սպառնացել են՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին մասնակցելու դեպքում կզրկվեն պետական աջակցությունից Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Սրբազանի առաջնորդած շարժման երթը իրավապահ համակարգում որոշակի գործընթացների կասեցման պատճառ է դարձել Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Երեկ մահացած պայմանագրային զինծառայողը ինքնասպան է եղել Այսօր, 09:37 «Հրապարակ». Մայիսի 9-ին շարժումը մտնելու է Երևան. լինելո՞ւ է Փաշինյանի հրաժարականի պահանջ, թե՞ ոչ Այսօր, 09:31 Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ․ 168.am

Տվյալ բաժնի վերջին նյութերը