21/12/2020 22:20
Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է իր անձնական վախերով. Սաղաթելյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ՝ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով օրերս Եռաբլուրում ստեղծված իրավիճակին։
«Իրականում՝ այն, ինչ կատարվեց Եռաբլուրում շատ ցավալի էր և վշտացնող։ Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ՝ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը», - նշել է Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի գործողություններում բացակայում է քաղաքական բաղադրիչը։ «Ես չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես՝ ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու», - նշել է Սաղաթելյանը։
Երկրում առկա քաղաքական ճգնաժամի առկայությունը ընդունում է նաեւ Ն.Փաշինյանը, սակայն հրաժարական չի տալիս։ Ինչու Ն.Փաշինյանը չի գնում այդ քայլին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Սաղաթելյանն ասել է. «հրաժարական չտալը կապված է կամ նրա վախերի հետ, կամ կան չավարտված ծրագրեր, որոնք պետք է ավարտի»։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի ներկայիս վարքագծի հետեւանքով մենք օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, հայությունը, այդ թվում Սփյուռքում բնակվող հոգեբանական ընկճվածության մեջ է և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում։
«Հայապահպանությունը դարձել է լրջագույն խնդիր», - արձանագրել է Ա.Սաղաթելյանը։