22/12/2020 16:09
Պուտինը ստորագրել է օրենք՝ նախկին նախագահին ցմահ սենատորություն շնորհելու մասին
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնային խորհրդի ձևավորման կարգի մասին օրենք, որի համաձայն՝ նախագահն իր լիազորությունների ավարտից հետո իրավունք է ստանում դառնալ սենատոր և հավակնել ցմահ քվոտայի: Փաստաթուղը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում և արդեն ուժի մեջ է մտել: Օրենքի նոր տարբերակի հեղինակը հենց Պուտինն է:
Դրա համաձայն՝ նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ձեռք բերում Դաշնային Խորհուրդ դիմում ներկայացնելու պահից. դրա համար տրվում է երեք ամիս՝ լիազորությունների դադարեցման օրվանից: Եթե դրանք լրացել են մինչև օրենքի ընդունումը, դիմումը կարող է ներկայացվել ցանկացած պահի:
Օրենքը նաև թույլ է տալիս գործող պետության ղեկավարին նշանակել սենատորներ: Դրանց թիվը չպետք է լինի 30-ից ավելի, և միայն 7-ը կարող են դիմել ցմահ անդամության համար (մնացածը՝ 6 տարի ժամկետով): Դիմել կարող են միայն այն քաղաքացիները, որոնք պետական ու հասարակական գործունեության ոլորտում բացառիկ ծառայություններ են մատուցել: