23/12/2020 15:01
«Մենք հանցագործության բացահայտումներով ենք զբաղվում, ոչ թե քաղաքական վիճակով». Ապարանի ոստիկանապետը հերքում է՝ ոչ մեկ չի ստիպում հեռանալ պաշտոնից
Ապարան համայնքի ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը «լիարժեք սուտ» է որակում լուրերն այն մասին, թե իրեն ստիպել են հրաժարականի դիմում գրել, քանի որ հրաժարվել է կատարել «ապօրինի հրահանգները», այն է՝ գյուղապետերին և համայնքապետերին արգելել ցույցերին մասնակցել և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիրներին։
«Ինձ ոչ մեկ չի ստիպել, նման բան չի եղել, նման հրահանգ ոչ մեկ չի տվել։ Մենք հանցագործության բացահայտումներով ենք զբաղվում, ոչ թե քաղաքական վիճակով։ Ես չգիտեմ՝ հանցագործության դե՞մ պայքարեմ, թե՞ լրագրողների հարցերին պատասխանեմ», - Aysor.am-ին ասաց Արմեն Հարությունյանը։
Ապարանի ոստիկանության բաժնի պետը վստահեցրեց՝ 27 տարի ոստիկանությունում է, եթե իրոք նման բան լիներ, կասեր։
«Ապարանում քաղաքական լարվածություն չկա, ամեն ինչ հանգիստ է, կայուն վիճակ է», - նշեց Հարությունյանը։