23/12/2020 11:26
Արտակ Բեգլարյանը կաշխատի գործադիր իշխանությունում
Արցախի Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից առաջարկ է ստացել գործադիր իշխանությունում աշխատելու։
«Սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել, արդյոք այս շրջանում պետք է թողնեմ ՄԻՊ պաշտոնը, թե՝ չէ։ Կարծում եմ, որ առաջարկված աշխատանքը իմ կարողություններին համապատասխան է։ Իմ կարծիքով, գործադիր իշխանությունում և տվյալ պաշտոնում ես ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամի հաղթահարման գործում, քան ՄԻՊ կարգավիճակում, դրա համար որոշում եմ կայացրել ընդունել առաջարկը։ Թեև լքում եմ մարդու իրավունքների պաշտպանի դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա չնշեց, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ ասելով, թե դրա մասին կհայտարարի Արցախի նախագահը։
«Առաջին հերթին կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով եմ զբաղվելու, քանի որ առկա իրավիճակում բավական շատ խնդիրներ պայմանավորված են նաև կառավարման բացերով ու սխալներով», - ասաց Բեգլարյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։