24/12/2020 11:38
Երբ կորցրել ես տարածքներ, ամենաարժեքավորը, որը կարող էիր փրկել, ողջ մնացած գերիները, անհետ կորածներն էին. իշխանությունը գրեթե անգործ է. Հարությունյան
Շատերի հույսն է, որ Ռուսաստանը թույլ չի տա հակառակորդին Հայաստանի տարածք ներխուժել, թեև փաստացի դա տեղի է ունենում, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները, և դա, նրա խոսքով, չնկատելն անթույլատրելի է:
«Երբ արդեն կորցրել ես տարածքներ, ամենաարժեքավորը, որը կարող էիր փրկել, ողջ մնացած գերիները, անհետ կորածներն են: Այդ առումով իշխանությունը գրեթե անգործ է և մեր միակ հույսը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են, որ անհամեմատ ավելի մեծ աշխատանք են անում, քան մեր իշխանությունը», - ասաց Հարությունյանը:
Նախկին նախարարը նշեց, որ մտավորականների հետ շփվելով, նկատում է, որ նրանք հուսահատ վիճակում են ու պատրաստվում են երկիրը լքել:
«Ես կարծում եմ՝ սա հացագործություն է սեփական ազգի հանդեպ, որովհետեև լինելով մտավորական, ստանալով կրթություն, ապրելով այս հասարակությունում՝ դուք պարտք ունեք վերադարձնելու այս ժողովրդին», - ասաց Հարությունյանը: