24/12/2020 11:46
Ռազմական գործողություններին մասնակցած անձանց՝ երթևեկության հետ կապված տույժերը կներվեն
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության խախտումների և տույժերի մասով երկու կարգավորում է առաջարկում։
«Առաջինը՝ մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծը նախնական տարբերակով արդեն պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է, հետևաբար, երկու տարբերակն էլ կիրառելի, ընդունելի կլինի, պատրաստ ենք դրանց կատարմանը», - նշեց փոխոստիկանապետը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երկու օր առաջ Սիսիանի Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց էր բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս այն պարագայում, երբ հանգամանքներից կախված՝ երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել:
«Եվ մենք արագ արձագանքում ենք։ Այստեղ նախկինում կայացած որոշումների հետ կապված բախվելու ենք մի խնդրի հետ։ Ցավոք, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից, հետևաբար, կարևոր է, որ կարողանանք շատ արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել։ Պետք է այնպես անենք, որ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդ արտոնություններից օգտվել։ Կարևոր է, որ այստեղ ՊՆ-ն մաքսիմալ էֆեկտիվ աշխատի։ Այստեղ նաև կարևոր է մտածել կամավորների մասին։ Ճիշտ է, իրենք ռազմական գործողություններին ակտիվ չեն մասնակցել, բայց որոշակի կամավոր աշխատանք են իրականացրել։ Այս հարցի քննարկման ժամանակ այս շահառուների նույնականացման մասին էլ պետք է մտածել», - հայտարարեց վարչապետը: