24/12/2020 13:18
Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել. Փոխոստիկանապետ (Տեսանյութ)
Ոստիկանների՝ ժողովրդին մեջքով շրջվելը որևէ վերաբերմունք չի արտահայտում, գուցե, տակտիկական քայլ է եղել, կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Անդրադառնալով ոստիկանությունից հրաժարականի դիմումներին՝ նա ասաց, թե շատերը անձնական խնդիրներից ելնելով են հրաժարականի դիմում ներկայացնում, բայց թե ինչ խնդիր, փոխոստիկանապետը հրաժարվեց ներկայացնել։
«Քաղաքական դիրքորոշման պատճառով ոստիկանությունից գրեթե ազատման դեպքեր չեն եղել», - ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ 2018 թվականին ոստիկանությունից ազատվածների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան՝ այս տարի։
Aysor.am-ի հարցին, թե ինչու է ինքը գալիս կառավարություն, ոչ թե ոստիկանապետը, ճի՞շտ է, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխոստիկանապետն արձագանքեց. «Նման հարց առկա չէ, ես ձեզ վստահեցնում եմ, իսկ ինչու եմ ես ներկայանում, քանի որ անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը»։
Հարցին՝ Վահե Ղազարյանը չի՞ տիապետում այդ ամենին, նա ասաց, թե, միանշանակ, տիրապետում է, որևէ խնդիր չկա։
Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու մասին զեկուցագիր է ներկայացրել։
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը։