07/01/2021 17:06
Նահանջելու տեղ այլևս չկա. զոհասեղանին դրված է հայրենիքի ճակատագիրը. Երվանդ Վարոսյան (Տեսանյութ)
Իշխանությունը փորձ է անում իրականացնել երկու բան՝ պահպանել իշխանությունն ու իշխանությունը պահպանելով՝ թաքցնել այն ամենն, ինչ տեղի է ունեցել, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Ինչի է դիմում իշխանությունը. քրեական գործեր, քրեական հետապնդումներ, անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներ, ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց, լռեցնել բողոքի ձայնը», - ասաց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է ականատես եղել, երբ քննիչներն, ովքեր ձերբակալման իրավաչափությունը վիճարկելու դատական պրոցեսներին ներկա են լինում, վեր են կենում ու ասում՝ ասելիք չունեն։
«Քանի անգամ դատարանը հարցնում էր՝ «առհասարակ չունե՞ք ասելիք, մարդիկ ասում էին՝ «չէ, չունենք»», - հայտնեց Վարոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ հետապնդումները միայն ու միայն ահաբեկման նպատակ ունեն։
Նա ասաց, որ դատական համակարգը շարունակում է մնալ իր բարձրության վրա ու քաղաքական իշխանությունների պատվերները չեն կատարվում։
«Քաղաքական իշխանությունն ու իր արբանյակները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ունենալ կամակատար դատավորներից բաղկացած դատական համակարգ, որը պատրաստ կլինի դակել քաղաքական իշխանության ցանկացած որոշում, եթե հանկարծ դա հաջողի, ես արդեն չգիտեմ՝ մենք ինչ անելիք կարող ենք ունենալ», - ասաց Երվանդ Վարոսյանը։
Նա ասաց՝ նահանջելու տեղ այլևս չկա. զոհասեղանին դրված է հայրենիքի ճակատագիրը, մեր երկրում հանգիստ ապրելու իրավունքը։