07/01/2021 14:41
Հայ ռազմագերիները, Հայաստանի թույլ քաղաքականության հետևանքով, օժտված չեն միջազգային պաշտպանությամբ. Իրավապաշտպան
Մինչ օրս լիարժեքորեն հնարավոր չի եղել ապահովել գերիների պաշտպանվածությունը և նրանց իրավունքների իրացումը, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ինչո՞ւ. այսպիսին է միջազգային իրավունքի առանձնահատկությունը և, այդ առանձնահատկությունները հաշվի առնելով, պետք է իրականացվեին քաղաքական լուծումներ», - նկատեց նա:
Նա նաև նշեց, որ միջազգային իրավունքը մեր հանդեպ չի կիրառվի, եթե Հայաստանի իշխանությունները և արտաքին գերատեսչությունը պահանջատեր չլինեն այդ իրավունքների իրացմանը:
«Ակտիվ հակամարտության դադարումից և խաղաղության հաստատումից հետո, գերեվարված անձինք անհապաղ պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն: Այստեղ տրված երաշխիքը անհապաղն է: Կան նաև այլ կանոններ, եթե անձինք անհապաղ ազատ չեն արձակվում և դադարել է անազատության մեջ պահելու հիմքը, գործ ունենք կամայական ազատազրկումների հետ: Կարող ենք խոսել նաև առևանգումների մասին, որոնք հանդիսանում են Ժնևյան կոնվենցիային կից առաջին արձանագրության էական խախտումներ, ընդ որում՝ այդ էական խախտումները նաև որակվում են որպես պատերազմական հանցագործություններ», - արձանագրելով, որ չի ապահովվել ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը՝ իրավապաշտպանը բարձրաձայնեց, որ այդ ամենը քաղաքական նախադրյալներ ունի:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ունենք իրավիճակ, երբ միջազգային իրավունքով պաշտպանության տակ գտնվող հայ ռազմագերիները, Հայաստանի թույլ քաղաքական դիրքավորման պարագայում օժտված չեն միջազգային պաշտպանությամբ, բայց միջազգային պաշտպանությունից դուրս գտնվող հանցագործները Հայաստանի իշխանության գործողությունների հետևանքով շատ արագ հայտնվում են միջազգային իրավական պաշտպանության ներքո:
Խնդիրների լուծումը իրավապաշտպանը քաղաքական հարթակում է տեսնում.
«Հայաստանի իշխանությունները բանակցությունների օբյեկտ լինելուց պետք է վեր կանգնեն ու, վերջապես, բանակցությունների սուբյեկտ դառնան»: