07/01/2021 14:05
Հայաստանի առանցքային խնդիրը պետք է լինի, որ Արցախում կրած կորուստները գոնե միջազգային առումով դատապարտման ենթարկվեն ու խնդիր դրվի դեօկուպացնելու տարածքները. Սահմանադրագետ
Արցախը պետություն է՝ անկախ նրանից ճանաչված է, թե ճանաչված չէ որևէ պետության կողմից, «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովին ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
«Այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ցույց տանք այն ամենն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, պետք է հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը», - ասաց նա։
Պողոսյանը նշեց, որ պետք է հիմնական ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Արցախն արդեն իսկ անջատվել է։
«Անջատվել է 30 տարի առաջ, Արցախն ունի պաշտպանության իրավունք միջազգային իրավունքի տեսանկյունից, Արցախը, որպես պետություն, գտնվում է միջազգային պաշտպանության տակ», - ասաց սահմանադրագետը։
Նա ընդգծեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային խնդիրը պետք է լինի միջազգային ատյաններում, Մինսկի խմբի ձևաչափերում փորձել հասնել այն նպատակին, որ Արցախում կրած կորուստները գոնե միջազգային առումով դատապարտման ենթարկվեն ու խնդիր դրվի դեօկուպացնելու այդ տարածքները։