12/01/2021 11:11
Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։
Ամփոփելով ստացված առաջարկները՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է խորհրդի կազմի ձևավորման մեկնարկի մասին։
Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։
Պետք է ակտիվ և գործուն մասնակցություն ունենա բնապահպանական ոլորտի խնդիրների վերհանման, դրանց լուծման ծրագրերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում։
Տարբեր հիմնախնդիրների շուրջ հանդես գա մասնագիտական եզրակացություններով ու առաջարկություններով։
Համագործակցի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, անհրաժեշտության դեպքում՝ իր գործունեության մեջ ներգրավի նաև համապատասխան մասնագիտական ուղղվածությամբ փորձագետների
Շրջակա միջավայրի նախարարին կից Հասարակական խորհուրդը բնապահպանական ծրագրերի, քաղաքականության մշակմանը հասարակայնության մասնակցությունը համակարգող անկախ խորհրդատվական կառույց է։
Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով։