12/01/2021 11:59
Եթե 5 միլիարդի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ համոզիչ բացատրություններ չտրվեն, նույնիսկ ես՝ ասել եմ վարչապետը դավաճան չէ, իմ մեջ կասկածներ կլինեն. Միքայել Համբարձումյան
5 միլիարդ դոլարի դիմաց Արցախը հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը խորը քննության առարկա պետք է դառնա, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։
«Դա լրջագույն հարցն է, որը պետք է խորը քննության առարկա դառնա։ Կան հրապարակումներ, թե դա որքանով է իրական, ես չեմ կարող ասել, չեմ առնչվել այդ պրոցեսների հետ, մենք գործ ունենք մի տվյալի հետ, որ ասում են՝ տևական ժամանակ կապ է եղել վարչապետի ու ադրբեջանական կողմի միջև։ Կապի արդյունքում քննարկվել է միլիարդավոր դոլարների դիմաց հարցի լուծմանը հասնելու տարբերակը, հետո քննարկումների ընթացքը, արդյունքը ոչ մեկ չգիտի։ Թե ինչ է տեղի ունեցել, մենք ունենք հետևանքը՝ այսօրվա իրավիճակը՝ պարտություն, հողերի կորուստ, ՀՀ սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ, մենք պետք է գտնենք պատճառահետևանքային կապը», - ասել է Միքայել Համբարձումյանը։
Նա ընդգծել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պաշտոնատար անձինք, ովքեր առնչվել են այդ պրոցեսի հետ, պետք է բացատրություններ տան։
«Եթե համոզիչ բացատրություններ չտրվեն, հավատացեք, նույնիսկ ես, որ ասել եմ վարչապետը դավաճան չէ ու չի կարող լինել, իմ մեջ կասկածներ կլինեն», - ընդգծել է ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը։
Համբարձումյանը նկատել է՝ վարչապետը չի հերքում այս տեղեկությունը։
«Կարծում եմ՝ մենակ հերքելով չի, պետք է պարզաբանումներ տալ», - ասել է նա։