12/01/2021 11:03
Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, երբ մենք վարչապետին զեկուցում ենք մեր կորուստների, խնդիրների մասին. Միքայել Համբարձումյան
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի համար անհասկանալի է, թե ինչու պատերազմի ընթացքը չկասեցվեց։
«Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմի ընթացքը չի կասեցվում, կանգնեցվում պատերազմը, երբ մենք, Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով վարչապետին զեկուցում ենք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարների մասին, ինչու պատերազմի հետ կապված վարչապետը որոշում չի կայացնում, ինչու ընթացքը չի կասեցվում ու սկսում բանակցային պրոցես», - «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Միքայել Համբարձումյանը։
Նա ընդգծել է՝ սա է եղել նաև պատճառներից մեկը, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հրաժարականի մեկ այլ պատճառ է եղել նաև ԱԱԾ-ի նկատմամբ անվստահությունը։ Համբարձումյանն ընդգծել է՝ վարչապետի հետ աշխատելուց հետո համոզվել է դրանում։
Հրաժարականի մյուս պատճառի մասին խոսելով՝ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում իշխանությունը պատերազմի ընթացքը չկասեցնելով։
«Ո՞ւր ենք մենք գնում, ո՞ւր ենք հասնելու։ Ստեփանակե՞րտն ենք կորցնելու, թե՞ արդեն հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, այդ ամբողջի համակցությունն է, որ իմ մեջ նման որոշում կայացնելու ցանկություն առաջացրեց», - ասել է նա։
Համբարձումյանը նշել է, թե ամենժամյա ռեժիմով ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ներքաղաքական իրավիճակի մասին, կորուստների մասին ու տիրող տրամադրությունների մասին։
«Նաև գրավոր փաստաթղթերով ենք մենք զեկուցել, թե ինչ իրավիճակ է տիրում ու ինչ հեռանկար կարող է լինել», - ասել է նա։