13/01/2021 14:25
Նախատեսվում է սահմանել ՔԿԱԳ մարմինների նոր համակարգ
«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, որոնք կարող են լինել ինչպես միասնական գրասենյակների, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության տարածքային մարմինների և մասնավոր լիազոր օպերատորների միջոցով:
Գրանցումներն էլ կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմողների և որոշում կայացնողների շփումները:
«Էլեկտրոնային դիմումների ներկայացման հնարավորություն կստեղծվի: Գրեթե բոլոր գործընթացներում վարչարարությունը նվազեցվում է», - ասաց փոխնախարարն՝ ավելացնելով, որ կրճատվել է նաև ամուսնության գրանցման ժամկետը:
Ներկայում գրանցումը կատարվում է 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, նախագծով սահմանվել է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետ՝ անձի նախընտրած օրը: