13/01/2021 19:58
ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հայրը չի կալանավորվել, նա ստորագրությամբ ազատ է արձակվել
ՀՀ ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հոր նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, անհետ կորած զինվորի հայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Տղամարդու եղբայրն Aysor.am-ին հայտնել էր, որ նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ «խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով»:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին, և նա ազատվել է արգելանքից: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: