14/01/2021 18:07
Նազարբաևը ցանկանում է, որ Մամինը մնա Ղազախստանի վարչապետ
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Ասկար Մամինը պետք է մնա հանրապետության վարչապետ: Ազգի առաջնորդն այս կարծիքը հայտնել է հունվարի 14-ին՝ խորհրդարանում կուսակցության խմբակցության նիստում:
«Իմ կարծիքն այն է, որ պետք է պահպանել շարունակականությունը: Չնայած բոլոր դժվարություններին՝ կառավարությունն իր գործն արել է: Մնացած բոլոր երկրների ֆոնին մենք լավ արդյունքներ ենք ցույց տվել: Եթե նախագահն առաջարկում է Մամին Ասկար Ուզակպաևիչին, ապա ես խնդրում եմ խմբակցությանը սատարել նրա թեկնածությունը», - հայտարարել է նա:
Խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա: Սակայն այժմ պարզ է, որ վարչապետն, ամենայն հավանականությամբ, կպահպանի իր աթոռը:
Ի վերջո, ոչ միայն պատգամավորներն, այլև նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դժվար թե համարձակվեն անհնազանդ լինել Նազարբաևին: Այնուամենայնիվ, ինքը՝ Տոկաևը, բարձր է գնահատել համավարակին հակազդելու գործում կառավարության արդյունավետությունը:
Նշենք, որ Ղազախստանում Մամինին երբեմն կատակով անվանում են «հայրիկինը», իսկ ղազախ ժողովուրդը վաղուց էր Նազարբաևին անվանում «հայրիկ»:
Նազարբաևի կուսակցությունը հաղթել է հունվարի 10-ին կայացած ընտրություններում և այժմ մեծամասնություն ունի խորհրդարանի ստորին պալատում: