14/01/2021 11:17
Երեխաների լուսանկարներ սոցցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն. չեք կարող ենթադրել՝ ում կողմից և ինչ նպատակով կարող են օգտագործվել. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
«Պետք է նկատի ունենալ, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից», - գրել է Թաթոյանը:
Թաթոյանի խոսքով՝ դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ծնողներին:
«Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել», - գրել է պաշտպանը՝ ավելացնելով՝ ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով ու ատելությամբ և այլ անօրինական երևույթներով: