15/01/2021 15:16
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին. Քոչարյան
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատված և իմ կողմից ստորագրված, ուղարկվել է ԱԺ նախագահին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Որոշակի ժամանակային բաներ էինք խախտել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Կանոնակարգ օրենքի հետ կապված մի փոքր տեխնիկական խնդիրներ կային, բայց իրավաբանական բաժնի հետ արդեն քննարկել ենք, թե այդ խնդիրների առկայության դեպքում ինչպես անել, որ զեկույցը հասանելի լինի բոլորին, որովհետև այդ զեկույցը հիմա էլ շատ կարևոր է», - ասաց նա:
Ի պատասխան հարցին՝ զեկույցում արձանագրվածը փոխկապակցվա՞ծ է վերջին պատերազմի ու դրա հետևանքների հետ՝ պատգամավորն առաջարկեց վերջին պատերազմի ու դրա հետևանքների մասին հիմա չխոսել. «Դեռ վաղ է»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հնարավո՞ր է նաև իրավական գործընթացներ սկսվեն, նախադրյալներ կա՞ն:
Պատասխանելով հարցին՝ Քոչարյանն ընդգծեց, որ համապատասխան մարմինները, եթե տեսնեն քրեորեն հետապնդելի արարքներ կամ բացթողումներ, բնականաբար, դրանք հետևանք կունենան:
Նա ավելացրեց նաև.
«Ես տեսնում եմ թերություններ, որոնք պետք է վերացված լինեին 2016թ. քառօրյա պատերազմից անմիջապես հետո»: