18/01/2021 15:12
Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, դա բամբասանքի նմանվող բան է. Ալեն Սիմոնյանը՝ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու մասին
Ինձ համար բավարար է և՛ Արարատ Միրզոյանի, և՛ ԱԱԾ մեկնաբանությունը, ես ավելացնելու որևէ բան չունեմ, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկություններին։
«Ես չեմ ուզում բամբասանքով զբաղվեմ։ Ամեն բանի հետևից չպետք է ընկնենք, ապացուցենք։ Գործ կա անելու, հիմա մարդիկ ուզում են տեսնել, որ կոնկրետ գործողություններ են արվում՝ կոնկրետ հարցերի շրջանակում։ Թե ով որ ժամանակ ինչ թուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, թե ով է գրել, դա բամբասանքի նմանվող բան է», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը տարիներ շարունակ հանդիսացել է Թուրքիայի գործակալ: Բացի այդ, նա հրապարակել էր Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ապացույցը:
Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հերքել էր վերոնշյալ լուրը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի», - նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։