18/01/2021 13:59
Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել, որպեսզի, վերջապես, փակվի հայ գերիների վերադարձի հարցը. Լավրով
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս ստուգում են անվանական ցուցակները՝ Ղարաբաղում հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել, որպեսզի, վերջապես, փակվի հայ գերիների վերադարձի հարցը», - հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ ռազմագերիների հարցը նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների մի մասն է:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ զրուցել է իր հայ գործընկերոջ հետ՝ վերջնական ցուցակները հստակեցնելու համար: Բայց պարզվել է, որ գերիները շատ ավելին էին, քան նախկինում նշվում էր: Այժմ ցուցակները ստուգվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են գտնվել այդ մարդիկ: