18/01/2021 10:57
Գնալով ավելի վատն եք դառնում, փոխանակ դասեր քաղելով՝ ավելի լավը դառնայիք. Մարուքյանը՝ իշխանությանը
Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը պետք է սկիզբ դնի մյուս ճգնաժամերի հաղթահարմանը, իսկ քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ, խորհրդարանական ամբիոնից ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Դիմելով իշխանությանը՝ պատգամավորը նշեց, որ նախորդ նախագծի և ներկա նախագծի սպասվող մերժումն իր համար «ինդիկատոր» է, որ նրանք ոչ մի կերպ դաս չեն քաղել տեղի ունեցածից:
«Դուք շարունակում եք նույն կերպ լռեցնել ընդդիմությանը: Դուք գնալով ավելի վատն եք դառնում, փոխանակ դասեր քաղելով՝ ավելի լավը դառնայիք», - ասաց Մարուքյանը:
Նա առաջարկեց նախագծին կողմ քվեարկել՝ նախագիծը օրակարգ մտնի, սկսեն ճգնաժամից դուրս գալու ճանապարհների քննարկումները:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը 20 րոպե ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» դաշինքի հետ բանակցելու համար:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը զեկուցեց «Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քններկելու վերաբերյալ» որոշման նախագիծը՝ առաջարկելով կողմ քվերկել և բաց թողնել ևս մեկ հնարավորություն ռազմագերիների հարցը բարձրաձայնելու ուղղությամբ:
Պետաիրավական հարցերի մշտկան հանձնաժողովում նախագծին տրվել է բացասական եզրակացություն: