18/01/2021 17:44
Երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայացնելուց հետո. օրենքի նախագիծ
Բանկերի և վարկային կազմակերպությունների հետ վարկային պայմանագրեր կնքելիս ֆիզիկական անձնի երաշխավորության պայմանագրերում երաշխավորի համար սահմանված չէ առավելագույն պատասխանատվության չափը, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:
Նրախոսքով, դրանցում հաճախ սահմանված է լինում դրույթ, որով երաշխավորը պարտավոր է նախապես համաձայնություն տալ ապագայում ծագելիք պարտավորություններին, ինչի հետևանքով անձը կանգնում է փաստի առաջ: Ըստ նրա՝ անձը երաշխավորություն է տալիս, օրինակ՝ 1 մլն. գումարի համար, բայց պատասխանտվություն է կրում, ասենք՝ 4մլն. կամ 5 մլն. համար, որովհետև կուտակվում են տույժ ու տուգանքներ:
Խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ է ներկայացվել օրենքի նախագիծ:
Պատգամավորի խոսքով՝ պետք է սահմանվի երաշխավորի պատասխանատվությամբ առավելագույն գումարային չափը: «Բոլոր այն կետերը, որոնց վերաբերյալ երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս ապագայում ծագելիք պարտավորությունների համար, առ ոչինչ կլինեն, եթե դրանց պայմանները մանրամասն սահմանված չեն հիմնական պարտավորության պայմանագրում: Բացի այդ՝ երաշխավորները պետք է կրեն սուբսիդիալ, այսինք՝ լրացուցիչ պատասխանատվություն: Դա նշանակում է, որ երաշխավորի նկատմամբ պահանջը կարող է ներկայացվել միայն հիմնական պարտապանին պահանջ ներկայացնելուց հետո», - նախագիծը ներկայացրեց Խաչատրյանը: