18/01/2021 11:16
Իմքայլականները «Լուսավոր Հայաստանին» մեղադրեցին լարվածության էսկալացման, «Լուսավոր Հայաստանն» իմքայլականներին՝ սահմանադրական հունը փոխելու համար. որոշումը չանցավ
«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քններկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ չընդգրկվեց:
Քվերակությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքներից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման համար: Նա նաև նկատեց, որ ընդդիմության հնչեցրած թեզը, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, որևէ առարկություն չեն ներկայացրել՝ նշելով, որ պատրաստ են արտահերթ ընտրության վերաբերյալ քննարկումների:
«Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ այդ ամենը մի կողմ դնենք, քննարկենք այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Ձեր գործողությունները ոչ թե խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանն են միտված, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը», - ասաց Մակունցը:
Նա տեղեկացրեց, որ «Իմ քայլը» նախագիծն օրակարգում ներառելուն դեմ է քվերակելու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին նկատեց. «Տիկին Մակունցն ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար, չենք կարող մյուս կետերն էլ դրա հետ քննարկել: Առաջարկում եմ նախագիծն ընդունեն օրակարգ, դուք եկեք, ասեք, որ վարչապետը չպետք է հեռանա և շարունակենք քննարկումը: Ի՞նչ կա դրա մեջ: Սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք»:
Մարուքյանի խոսքով՝ իմքայլականներն իրենց քվերակությամբ սահմանադրական հունը փոխում են: