18/01/2021 16:25
Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ ես խտրականություն եմ տեսնում դատական համակարգում. Անի Սամսոնյան (Տեսանյութ)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կարծում է, որ հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ ոչ թե կնվազի, այլ հակառակը՝ կծաղկի կոռուպցիան հենց դատական համակարգում։
«Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ ես խտրականություն եմ տեսնում դատական համակարգում», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Անի Սամսոնյանը։
Նա որպես օրինակ համեմատեց հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափը ՀՀ վարչական դատարանի նախագահի դրույքաչափի հետ։
«Երկուսն էլ մասնագիտացված դատարանի նախագահներ են։ Կտեսնենք, որ ավելի բարձր դրույքաչափերով են սահմանված հակակոռուպցիոն դատարանի դատավորների դրույքաչափերինը, քան մյուս դատավորներինը։ Տպավորություն է, որ դուք, ծաղկամանի ջուրը չփոխած, այդ ծաղկամանի մեջ դնում եք մի նոր ծաղիկ, որը շատ արագ թոշնելու է։ Այդպիսին է դատական բարեփոխումների ձեր ամբողջ բնութագիրն այս երկու տարվա ընթացքում», - դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց Անի Սամսոնյանը։
Նա նշեց, թե դեկորատիվ բարեփոխումներ են կատարվում, որոնք խնդիրը չեն լուծելու և ավելի են խորացնելու դատական համակարգում առկա խնդիրները.
«Անհավասարություն ստեղծելով դատավորների միջև՝ դուք անարդարություն եք ստեղծում»։
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար այսօր քննարկեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը։