18/01/2021 15:56
«Մեր հերթական քայլն է, որը բխում է հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից». Նախատեսվում է հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծում
ԱԺ ներկայացված օրենսդրական նախագծով նախատեսվում է հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանների ստեղծում:
«Մեր հերթական քայլն է, որը բխում է հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից, որի արդյունքում, հուսով ենք, որ կապահովվի կռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված դատական քննությունը՝ նպաստելով կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանի բարձրացմանը», - ԱԺ-ում ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացքում մասնագիտացվածություն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով: 20 դատավոր կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, իսկ 5 դատավոր կունենա մասնագիտացում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիական հայցեր քննելու: Դատավորների թվերը վերջնական չեն, հնարավոր է՝ փոփոխվեն:
«Առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազան 10 դատավորի թվակազմով: Նաև վճռաբեկ դատարանի քրեական պալատում է որոշակի հաստիքների ավելացում նախատեսվում», - մանրամասնեց նախարարը: