18/01/2021 15:34
Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները. օրենքի նախագիծ
ԱԺ-ում քննարկվող նախագծերով հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց՝ սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է 3-րդ անձի, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում, կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:
Նախարարի խոսքով՝ լրամշակվել է գույքի հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը: Սահմանվել է, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների և ավանդի դեպքում նշվում են նաև հաստատության անվանումը գտնվելու վայրը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով էլ լրացվել են տարեկան հայտարարագրում ներկայացվելիք փոխառության վերաբերյալ տվյալները: Սահմանվել է, որ տարվա ընթացքում հանձնված կամ վերադարձված փոխառությունը ևս ենթակա է հայտարարագրման, եթե տարվա ընթացքում նույն անձին հանձնված կամ վերադարձված փոխառության հանրագումարը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը:
«Սա կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունից բխող հերթական նախաձեռնությունն է», - նշեց Բադասյանը: