18/01/2021 17:22
2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Քաղաքապետարան
Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի վերելակներից 1/4-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի», - նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: