18/01/2021 12:30
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված 50-ից ավելի ընտանիք կա, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ
Պատերազմի ընթացքում 93 300-ից ավելի արցախցի էր ժամանակավորապես ապաստանել ՀՀ-ում։ Նրանց հիմնական խնդիրը կեցավայրով ապահովումն էր, տաք սնունդը, հագուստը, բուժումը, երեխաների ուսման հարցը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը։
«Այդ բոլորը վերջին 2,5 ամսվա ընթացքում օպերատիվ կերպով լուծումներ էին ստանում ՀՀ-ում Արցախի կառավության օպերատիվ շտաբում։ Արցախի կառավարության տրամադրած ֆինանսական միջոցները՝ շուրջ 200 մլն դրամի չափով, շտաբի կողմից ուղղվել են հինականում թշնամու կողմից բռնազավթված շրջանների բնակիչներին։ Դրանից շուրջ 54 մլն դրամ ուղղվել է զոհված զինծառայողների թաղման ծախսերի մասնակի փոխհատուցմանը», - տեղեկացրեց Միքայել Վիրաբյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ օպերատիվ շտաբում գրանցված 50-ից ավելի ընտանիք կա, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ Արցախ։
«Հունվարի առաջին օրերին Քաշաթաղի շրջանից 7 ընտանիք վերադարձել և բնակություն է հաստատել Ասկերանի շրջանում։ Նրանք ապահովվել են համապատասխան գույքով», - ասաց նա։