19/01/2021 17:09
Ուզում եմ հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ. պատգամավոր
Վերջին 3 ամսվա ընթացքում ՀՀ-ն կնքել է 2 միջազգային պայմանագիր, խորհրդարանական ամբիոնից ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը:
Նա բարձրացրեց հետևյալ հարցերը՝ խորհրդարանից քանի՞ հոգի է տեղյակ եղել, թե ինչ է քննարկվել, քանի՞ հոգի է իմացել այն դրույթները, որոնք կնքվել են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի՞ հոգի է տեղյակ եղել այն դրույթների մասին, որոնք եղել են հունվարի 11-ի հայտարարության մեջ:
«Ինչ քննարկվել է, համարենք՝ գաղտնի տեղեկություններ են, պետական գաղտնիք են պարունակում, սակայն այդ բանակցությունների արդյունքում որևէ մեկը մեզ պե՞տք է ասեր, թե մենք ուր ենք շարժվում: Մինչ օրս մեր իշխանություններից ես նման բան չեմ տեսել», - ասաց պատգամավորը՝ ավելացնելով, որ որպես քաղաքացի դա ակնկալում է իշխանություններից:
Սիմոնյանն ասաց՝ ուզում է հասկանալ, թե 7-րդ գումարման ԱԺ-ն ինչպե՞ս է մնալու պատմության մեջ.
«Մնալու է Ազգային ժողով, որը համաձայնեց ՀՀ և Արցախի տարածքային կորուստների՞ն, թե՞ եղավ այն ԱԺ-ն, որը կարողացավ դրանից հետո ոտքի հառնել ու ինչ-որ գործողություններ կատարել հանուն Արցախի և ՀՀ-ի»:
Պատգամավորի խոսքով՝ երկրորդ սցենարն առաջինից իրատեսական չէ: