19/01/2021 15:21
Եթե իշխանություններն ուզում են արտահերթ ընտրություններ անել, թող որևէ մեկի վրա բեռը չգցեն և ուղղակի հրաժարական տան. Էդմոն Մարուքյան
Մենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չենք ներկայացրել, դա վարչապետի, իշխող ուժի օրակարգն է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Իշխող ուժն օրակարգ է բերել արտահերթ ընտրությունների հարց և տեսել է, որ չկա ընդհանուր կոնսենսուս, հիմա ասում է՝ չեք ուզում, չենք անի։ Ասում ենք, թե վախենում է ընդդիմությունը, որ չի անցնի։ Ի պատասխան դրա ես ասում եմ հետևյալը. մենք ցանկացած իրավիճակում արտահերթ կամ հերթական ընտրություններին պատրաստ ենք։ Երբ էլ խորհրդարանը ցրվի, մենք այդ ընտրություններին պատրաստ ենք», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց, թե մեկ միջոց կա խորհրդարանը ցրելու, վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չկարողանա վարչապետ ըննտրի և խորհրդարանը ցրվի։
«Այսինքն, եթե իրենք ուզում են արտահերթ ընտրություններ անել, թող որևէ մեկի վրա բեռը չգցեն և ուղղակի հրաժարական տան ու ընտրությունները կազմակերպեն։ Եթե գտնում են, որ քաղաքական ճգնաժամի լուծումը ընտրությունների կազմակերպումն է, թող գնան դրան, բայց ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, որովհետև ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, իշխող ուժի արարքների մեջ է», - ասաց Էդմոն Մարուքյանը։