20/01/2021 17:32
Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ՝ չենք էլ ունենալու. Ավինյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հիշեցնելով Երևան-Կապան ճանապարհին քաղաքացիների առևանգման և գերեվարման դեպքի մասին, հարց հնչեցրեց՝ կա՞ն երաշխիքներ, որ նման դեպքեր չեն կրկնվի և ի՞նչ երաշխիքներ կան Սյունքից մինչև Տավուշ քաղաքացիների անվտանգության համար:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ այս պահի դրությամբ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ և ադրբեջանական, և ռուսական կողմի հետ:
«Այնտեղ ներկա են նաև ռուս սահմանապահ զորքերը: Սյունիքում և, առհասարակ, հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված որևէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ՝ չենք էլ ունենալու: Իրավիճակը կարող է փոփոխական լինել, բայց մինչ այս պահը այդ աշխատանքներն իրականացվել են հիմնականում եռակողմ և սահուն», - մանրամասնեց Ավինյանը:
Նա նաև նշեց, որ սահմանապահ զորքերի ժամանակավոր տեղակայումը, կարելի ասել, որոշ չափով ավարտվել է:
Նրա խոսքով՝ վերջնական լուծումներ ունենալու պարագայում անվտանգային միջավայրը ևս մեկ անգամ կվերագնահատվի: