21/01/2021 09:34
«Ժողովուրդ». Պատերազմի ավարտից հետո Թուխիկյանն իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռևս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Խաչատուրյանից (Թուխիկյան): Բանն այն է, որ Խաչատուրյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որևէ աշխատանք չէր իրականացվում: Նշենք, որ երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ Նարինե Թուխիկյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից:
Թերթի աղբյուրները փոխանցում են նաև, որ պատերազմի ավարտից հետո էլ Թուխիկյանը եղել է այն անձանցից, որ իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուխիկյանի կատարած աշխատանքից նախարարությունում դժգոհություն է առաջացել նաև նոր նախարարի նշականումից հետո, ինչի համար էլ նրան ազատել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ որոշելով գործադիրում իր աշխատանքն իրականացնել:
Նշենք, որ Թուխիկյանը նաև իր օրենսդիր լինելու ժամանակահատվածում աչքի չի ընկել իր կատարած աշխատանքով, կրկին նույն անակնկալ ձևով հայտարարվեց, որ Թուխիկյանը օրենսդիրից գործադիր է տեղափոխվում:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է զրուցել Նարինե Թուխիկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես թերթի հեռախոսազանգերին չէր պատասխանում։