21/01/2021 11:49
Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով, ՀՀ քաղաքացին է այն լուծելու. Իմքայլական պատգամավոր
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, թե իրենց ընդդիմադիր գործընկերներին ընդամենն առաջարկում են հուշագրով պայմաններ չառաջարկել, այլ առաջարկում են գնալ արտահերթ ընտրության և ժողովրդին տալ ևս մեկ անգամ որոշում կայացնելու իրավունք՝ ով է լինելու իր ձևավորած իշխանությունը։
«Մեր դիրքորոշման մեջ հստակ բաղադրիչ կա, որ խնդիրը լուծելու է ժողովուրդը։
Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով։ ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը, ընտրատեղամասում՝ իր քվեի միջոցով։ Մեր իշխանությունը այդ իրավունքից ՀՀ քաղաքացուն որևէ պարագայում չի զրկի։ Մենք երբևէ չենք գնա այնպիսի գործողությունների, որ իշխանության ճակատագրի որոշման հարցը չլուծի ՀՀ քաղաքացին», - ասաց Գևորգ Պապոյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, թե ինքնանպատակ խորհրդարանական ընտրություն անցկացնելը չի, որ պետք է լուծի խնդիրը, ըմբռնում և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի։
«Իմ համար անհասկանալի է մեր խորհրդարանական գործընկերների մեկնաբանությունը, որովհետև այս ամբողջ երկու տարվա ընթացքում իրենք բողոքում են նրանից, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվում և խորհրդարանական մեծամասնությունը միանձնյա որոշումներ է կայացնում։ Հիմա ասում ենք՝ չենք ուզում այդ որոշումները միանձնյա կայացնել, ուզում ենք համատեղ կայացնել և համատեղ հասկանանք, թե որն է այս իրավիճակում խնդրի լուծումը։ Այդ մարդիկ հրաժարվում են մասնակից լինել այդ համաձայնության ձեռբերմանը», - ասաց Սուրեն Գրիգորյանը։