21/01/2021 11:38
Պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում
Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը հաստատելու մասին նախագիծը:
Նախարարն ասաց, թե նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից:
«Գործող կարգավորումների համաձայն պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն ու նրանց տրվում է հավաստագիր, այդ հավաստագրի միջոցով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավոորւմ իրականացնել», - նշեց նախարարը:
Նա ասաց, թե առաջարկում են, որ պատերազմի այն մասնակիցները, ովքեր ունեն պրոթեզավորման կարիք, նրանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս որոշման հիմնական նպատակը երկուսն է՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, երկրորդըէ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի:
«Մենք նաև հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն, տվյալ դեպքում, մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձիք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն», - նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե լուծելու են նաև սպասարկման խնդիրները:
Նրա խոսքով՝ այսօր ՊՆ-ի ու սոցապնախարարության հետ քննարկելու են այդ հարցը, նաև՝ ֆինանսական հարցը:
Ավինյանն առաջարկեց այսօր չքվեարկել հարցին, մի քանի փոփոխություն կատարեն, վաղը գրավոր կարգով կքվեարկեն:
Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը: