22/01/2021 12:32
ԲԴԽ միջոցով փորձելու են անկախ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել. Արսեն Բաբայան
Իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ և հիմա հավաքվել են ու որոշել, որ պետք է դատական խորհրդի թեկնածու առաջադրեն, խորհրդարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Մենք եկել ենք այստեղ այս ադրբեջանաթուրքական արտադրության ուսապարկերի ժողովին բացատրելու, որ այն դեպքում, երբ դուք ունեք բազմաթիվ գերիներ, որոնց անուններն անգամ չգիտեք, հավաքվել եք ու ԲԴԽ անդամներ եք ընտրում։
Թեկնածուներից մեկը ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է։ Հավանաբար, Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը փորձում են վարձահատույց լինել», - ասաց Արսեն Բաբայանը։
«Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ և հիմա հավաքվել են ու որոշել, որ դատական խորհրդի թեկնածու պետք է առաջադրեն։ Այն դեպքում, երբ վերջերս ընդունեցին մի օրենք, որով նոր դատարան են ստեղծում, որն էլ ձերբակալությունների ու կալանավորումների միջնորդությունների քննությունը պետք է իրականացնի։ Մենք գիտենք, որ ունենք անկախ դատավորներ, հիմա էլ ԲԴԽ միջոցով փորձելու են այդ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել։ Ի վերջո, այս ամեն ինչը միտված է լռեցնելու ընդդիմությանը։ Սա չի կարելի թույլ տալ», - ասաց Արսեն Բաբայանը։
Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր ԲԴԽ անդամներ է ընտրելու։