
22/01/2021 14:44
«Եթե ասել է, ուրեմն հիմքերն ունեցել է». ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին
Ծառը ճանաչվում է պտուղով, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ իշխանություններն իրենց գործուղել են ԲԴԽ՝ ցանկալի արդյունք ունենալու համար։
«Մենք հլը պետք է աշխատենք, որ այդ ամեն ինչի մասին պնդումները հիմնավորենք, կամ՝ ոչ։ Ես էլ հակառակը կասեմ, բայց ժողովրդի մոտ ոչ մի հիմնավոր ապացույցներ չենք կարող ունենալ։ Թե ով է ճիշտ, ոչ ոք չգիտի։ Մինչև այդ մարդը չգնա, չաշխատի և որոշումներ չկայացնի, մենք չենք կարող ապագային միտված կանխատեսումներն ընդունել որպես փաստ և տալ գնահատականներ», - ասաց Դավիթ Խաչատուրյանը։
Հարցին՝ ինչ է կարծում, վնգստացող դատավորներ կա՞ն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Դ. Խաչատուրյանն արձագանքեց.
«Դա քաղաքական համատեքստում արված հայտարարություն էր, ես հիմա չեմ ուզում դրան պատասխանել։ Ես չեմ ուզում քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, ես հավակնում եմ մասնագիտական աշխատանք կատարել»։
Լրագրողի մյուս հարցին, թե ինքը պատրաստվում է գնալ մի համակարգ, որի մասին վարչապետն արտահայտվելիս տվել է «վնգստացող» գնահատականը, Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց.
«Եթե ասել է, ուրեմն հիմքերն ունեցել է»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը։