22/01/2021 18:50
Պատերազմի բժիշկները. Վահե Մելիքսեթյան. «Տղերքին չեմ թողնի». փրկեց կյանքեր՝ տալով իր կյանքը (Տեսանյութ)
Արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում բժիշկ Վահե Մելիքսեթյանը չխնայեց սեփական կյանքը՝ հանուն զինվորի։
Պատերազմի օրերին բազմաթիվ կյանքեր փրկած բժիշկը զոհվելուց րոպեներ առաջ էլ հասցրել է փրկել զինվորներից մեկի ոչ միայն կյանքը, այլև տեսողությունը։
2018 թվականին է զորակոչվել ծառայության՝ Սանասարում (Կուբաթլու). 2020 թվականի դեկտեմբերին պետք է զորացրվեր։
Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան հակահարձակում է եղել, մերձամարտի են բռնվել թշնամու հետ ու թշնամու հարվածից անմահացել է։
Եղբայրը՝ Սարգիս Մելիքսեթյանը, պատմում է՝ որպես ավագ եղբայր ազդեցություն ունեցել է Վահեի վրա, սակայն պատերազմի օրերին չի լսել եղբորը. մեծ եղբոր իրավունքով հրամայել է գնալ հոսպիտալ, բայց չի լսել։
«Ես հիմա ինձ ոչ թե թերի, կիսատ եմ զգում, այլ ոնց որ, ես էլ իր հետ չկամ»։
Վահե Մելիքսեթյանը լավ ընկեր ու խորհրդատու է եղել։
Ընկերը՝ Վահագն Համբարձումյանը, պատմում է՝ իսկական ու անկեղծ ընկեր էր Վահեն. միշտ կանգնած էր իր ցանկացած ընկերոջ կողքին։
«Վահեի բացակայությունից հետո սխալ կլինի ասել, որ իմ կյանքում բան է փոխվել, իմ կյանքն ամբողջությամբ է փոխվել: Իմ գիտակից կյանքի առաջին կորուստն է Վահեն։ Վահեն իր գնալով բոլորիս տվել է կյանքի իմաստ, որ հասկանանք՝ ինչի համար ենք ապրում, տվել է ուղղություն, որ հասկանանք՝ ուր ենք գնում», - նշում է ընկերը։
ՀՀ նախագահի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի բուժկետի դեղագետ, բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Սամվելի Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։