22/01/2021 11:37
Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ վարչակազմը կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում օգնությունը
Միացյալ Նահանգները կարող է վերանայել Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտում իր օգնությունը՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ֆոնին: Այս մասին հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինկենը:
Բլինկենը աջակցում է Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելուն, նրա անվտանգությունը պահպանելու և Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար: Միջոցներ կարող են հատկացվել «անվտանգության ոլորտում և ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու և տնտեսական աճը խթանելու համար»: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կվերանայի օգնությունն Ադրբեջանին:
«Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման ֆոնին, մեր վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգության օգնությունը, եթե հանգամանքները հաստատեն, Բայդեն-Հարիսի վարչակազմը պատրաստ կլինի կասեցնել Ազատության աջակցության օրենքի 907-րդ բաժնի պահանջներից», - ասել է Բլինկենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը արգելում է ցանկացած տեսակի ուղղակի օգնություն ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը:
Միևնույն ժամանակ, ըստ Բլինկենի, ԱՄՆ-ը մտադիր է վերջնականապես կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և կանխել նոր պատերազմը: Վաշինգտոնը «կնպաստի կայուն խաղաղությանը», որն արտացոլում է հայերի, ոչ միայն «Ալիևի, Էրդողանի և Պուտինի» շահերը:
«Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդեն դիվանագիտական ջանքերը հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ և պետք է հետամուտ լինել միջազգային մարդասիրական օգնությանը`տառապանքներին վերջ տալու համար: Եթե հաստատվի, ես կակտիվացնեմ ԱՄՆ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման որոնմանը, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնում է կանխել պատերազմի վերսկսումը»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարության հավանական ղեկավարը: