26/01/2021 22:06
Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք. Ծառուկյանը հանդիպել է Կոպիրկինի հետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք: Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար» - ասված է Ծառուկյանի ֆեյսբուքի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։