26/01/2021 09:42
«Փաստ». ԱԳՆ-ում մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմումներ կան. հնարավոր է նաև ԱԳ նախարարի պաշտոնանկությունը
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ ԱԳՆ-ում ներկայումս մեկ տասնյակից ավելի հրաժարականի դիմում կա: Ի դեպ, հիմնականում աշխատանքից ազատվելու դիմում են գրել բարձրաստիճան դիվանագետներ և ԱԳՆ-ում երկարամյա փորձ ունեցող վաստակաշատ ծառայողներ։
Ընդ որում, ըստ թերթի աղբյուրների, աշխատանքից ազատման դիմումները այսքանով չեն սահմանափակվելու:
Թերթի հետ զրույցում ԱԳՆ աշխատակիցը նշել է, որ հրաժարականների դիմումները կապված են քաղաքական իշխանության կողմից վարվող անհասկանալի արտաքին քաղաքականության և քաղաքական որոշ դեմքերի, այդ թվում՝ Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելու՝ Փաշինյանի ցանկության հետ։
Թերթը գրում է՝ փորձառու ու պրոֆեսիոնալ դիվանագետները դժգոհում են Նիկոլ Փաշինյանի կողմից ոլորտում քաղաքական ու «խայտառակ թույլ» նշանակումներ անելու հանգամանքից։
Թեր տեղեկություններով, հարթ չեն նաև ԱԳ նախարար Արա Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները, քանի որ Այվազյանն այս կարճ ժամանակաընթացքում մի քանի անգամ բաց տեքստով իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի մոտեցմանը։ Առաջիկայում հնարավոր է նաև Այվազյանի պաշտոնանկությունը: