26/01/2021 12:40
Խորհրդարանի ինքնալուծարում և արտահերթ ընտրությունների անցկացում՝ առանց վարչապետի հրաժարականի. «Իմ քայլը» նախագիծ է շրջանառում
«Հայկական ժամանակի»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:
Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո):
Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ: