26/01/2021 15:26
Նիկոլ Փաշինյանն ուղերձներ է հղել Հնդկաստանի ու Ավստրալիայի վարչապետներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
Արժևորելով մեր երկրների միջև առկա բազմամյա բարեկամությունը՝ Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների կայուն առաջընթացին։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև անկեղծ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ավստրալիայի օրվա կապակցությամբ:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերություններին` ի շահ մեր երկրների ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն», - ասված է ուղերձում։