27/01/2021 09:51
«Ժողովուրդ». Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին՝ գուցե հենց շաբաթ օրը, ընդդիմության լիդերները երկար դադարից հետո հանդիպում կունենան: Ըստ թերթի տեղեկությունների՝ կհանդիպեն ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, «Հայրենիք» կուսակցությունների առաջնորդները, և ներկա կլինի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ թերթի տեղեկությունների՝ լիդերները պատրաստվում են միմյանց տեղեկացնել, որ այլևս չեն ցանկանում շարունակել լինել «Հայրենիքի փրկության շարժման» թևում, ու պայքարը պետք է այլ ձևաչափ տեղափոխել:
«Բոլորը միմյանց մեղադրում են ոչ վճռական լինելու մեջ: Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդների մի հատվածը կարծում է, որ պետք է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ մի հատվածն էլ այն կարծիքին է, որ չպետք է ներկայիս իշխանությունների հետ գնալ նման համաձայնության: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների՝ Ռոբերտ Քոչարյանի մասով մարզերում և Երևանում գաղտնի հարցումներ են իրականացվել այդ թվում և մի քանի դեսպանատների, պետական կառույցների կողմից, ու պարզվել է, որ նրա վարկանիշը բարձրանում է:
Շաբաթվա վերջ հայտնի կդառնա, թե հայաստանյան ընդդիմությունն ինչ ճանապարհ է ընտրում: Այն, որ նշված միավորման քաղաքական լիդերներն արդեն իսկ մերժել են իրենց առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, դա ակնհայտ է, բայց չի բացառվում, որ Մանուկյանը ևս ներկա լինի լիդերների հավաքին՝ հետագա իր անելիքները հստակեցնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ՝ պարզելու՝ կմասնակցի հավաքին Ռ. Քոչարյանը, թե ոչ, բայց չհաջողվեց որևէ պատասխան ստանալ», - գրում է թերթը: