27/01/2021 13:43
Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը, մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները. Արսեն Բաբայան
Ես և ընդդիմության իմ բոլոր գործընկերներն անընդունելի ենք համարում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների անցկացումը, նշում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով՝ տեղյակ են, որ իշխանունությունը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Իսկ իրենց դիրքորոշման պատճառները, ըստ Բաբայանի շատ են:
«Օրինակ՝ այս ժամանակաշրջանում չի կարելի պետությունը տանել նոր ցնցումների և երկրորդ՝ Նիկոլն այդ ընտրություններում հաղթելու համար կդիմի ամենադաժան կեղծիքներին, ահաբեկումներին և ուժային կառույցների գործադրմամբ՝ մրցակիցների բանտարկության: Իշխանությունը պնդում է, թե ընտրությունները կեղծելու ժամանակներն անցել են, որի ապացույցն էլ, իբր, 2018-ի ընտրություններն են։ Նախ՝ այնքան էլ համոզված չեմ, որ 2018-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց այժմ ընդունենք, թե իսկապես չեն կեղծել։ Իսկ արդյո՞ք 2018-ին ընտրություններ չկեղծելը կարող է երաշխիք լինել, որ հնարավոր արտահերթ ընտրությունները չեն կեղծվելու։ Պատասխանը բացասական է նախ այն պարզ պատճառով, որ 2018-ին չկար կեղծելու անհրաժեշտություն, իսկ հիմա ակնհայտ է, որ իշխանության վերարտադրվելն իրենց համար դարձել է կենսական նշանակության անհրաժեշտություն: Որևէ բան կեղծելու համար անհրաժեշտ եմ համարում դիտարկել պոտենցիալ կեղծարարի մոտիվացիան և կոնկրետ վարքագիծը, որն էլ թույլ կտա իրական պատկերացում կազմել սպասվող հնարավոր կեղծումների մասին», - նկատում է Բաբայանը։
Նա հարց է բարձրացնում՝ իշխանությունն ունի՞ արդյոք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն։ Պատասխանը, իր համոզմամբ, միանշանակ դրական է, քանի որ դրա համար, ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամի, նրանք ունեն բոլոր պատճառները։ Նրա խոսքով՝ չընտրվելու դեպքում կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմի մեծամասնությանը նախ սպասում է երկարատև բանտարկություն առնվազն սահմանադրական կարգը տապալելու և/կամ իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով։
«Այս իշխանության կողմից նշված հանցագործությունների կատարման մասին դատախազությունում առկա են բազմաթիվ փաստերով հագեցած հաղորդումներ և ցանկացած անաչառ քննությունը միանշանակ կհաստատի նրանց մեղավորությունը։ Բացի այդ՝ իշխանության կորստով Նիկոլն ու իր թիմը կկորցնեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորությունը։ Անցնած շուրջ 3 տարում համոզվել ենք, որ յուրացումների պակաս չի զգացվել», - գրում է նա՝ բարձրացնելով մեկ այլ հարց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշիյանի անձն ու գործունեությունը առիթ են տալիս ենթադրելու, որ նա ի վիճակի է կեղծիքների։
Այս դեպքում էլ, Բաբայանի համոզմամբ, պատասխանը միանշանակ դրական է.«Դրական է այն պարզագույն պատճառով, որ անցնող շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը թույլ են տվել հարյուրավոր կեղծիքներ»։
Արսեն Բաբայանը բարձրաձայնում է, որ դրանք սկսվել են Սահմանադրության փոփոխության ակնհայտ ապօրինությամբ, շարունակվել են բազմաթիվ փաստերի ամենաէժան կեղծումներով և ավարտվել էն Արցախը ադրբեջանցիներին հանձնելու դավաճանական գործողությամբ։
«Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն իր թիմով Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու է ժողովրդի հետ, և որոշումն ընդունվելու է ոչ թե իր կողմից, այլ՝ ժողովրդի։ Իսկ ի՞նչ արեց նա։ Իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության ամենամեծ կեղծիքը։ Նիկոլը բոլորից (նույնիսկ իր թիմից) գաղտնի նոյեմբերի 9-ին (Ադրբեջանի դրոշի տոնին) ստորագրելով հայտնի փաստաթուղթը միաձայն որոշեց, որ Արցախի շուրջ 80 տոկոսը հանձնում է թշնամուն։ Ստորագրեց, որից հետո միայն այդ մասին տեղեկացրեց ժողովրդին։ Այն ժողովրդին, որն իբր պետք է որոշեր Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը։ Ինքն էր այդպես հայտարարել։ Ինքն էլ կեղծեց իր ամենակարևոր խոստումը։ Փաստորեն Նիկոլը կեղծեց հայ ազգի որոշումը։ Կարևոր է նաև այդ մեծ կեղծիքի մոտվիացիան։ Նա պնդում է, որ այդպես չանելու դեպքում իրեն կանվանեին դավաճան։ Այսինքն՝ նրա համար կարևոր էր բացառապես իր անձը։ Այսինքն՝ նա պատրաստ է թույլ տալ պատմության ամենամեծ կեղծիքը միայն այն պատճառով, որ իրեն չասեն դավաճան։ Փաստորեն հաստատվում է, որ նա կարծում էր, թե կկարողանա հանրությանը խաբելով իր վրայից մաքրել դավաճանի անունը», - նկատում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։
Նրա խոսքով՝ այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը՝ մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները, որպեսզի վերարտադրվի ու վերջնականապես իրագործի հայակործան իր առաքելությունը։